admin 24.06.2018
loading...

Մեր զրուցակիցն է ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը


Պարոն Արշակյան, Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Հայաստանում իրավապահ համակարգի ու հասարակության հաշտեցում է տեղի ունենում։ Ինչպե՞ս եք գնահատում իրավապահների վերջին գործողությունները։

Ես համաձայն եմ, որ տեղի է ունենում ուժային կառույցների և հասարակության հաշտեցում, որովհետև հասարակության այն մասը, որը եթե կոպիտ չլինենք, թվերով խոսենք ու հիմքեր ունենանք, 1991 թվականին 2 մլն 40 հազար մարդ ձայն է տվել անկախությանը և հայտարարել, որ ուզում է դուրս գալ ռուսական իմպերիայից ու ապրել ազատ, ժողովրդավարական, ազգային պետությունում։ 10 հազար երկու մարդ դրան դեմ է եղել։ Հիմա, 20 տարի այդ 2 մլն 40 հազար անկախական հայ հասարակությունը գերի է եղել 10 հազար երկու եվրասիականության, սկյութականության, ճորտատիրության կողմնակիցների։ Ուժային կառույցները այդ ժամանակ ծառայել են այդ 10 հազար հոգուն և թշնամի են եղել այդ 2 մլն-ին։ Հիմա հաշտեցում է տեղի ունենում, ուժայիններն անցնում են այդ 2 մլն 40 հազարի կողմը։ Իսկ այն 10 հազարը դեռ դիմադրում են, հարկավոր է նրանց դիմադրությունը կոտրել և կոտրել մինչև վերջ, որովհետև նրանք հենց քրեաօլիգարխիկ համակարգի կողմնակիցներն են։ Հարկավոր է հաղթել և հաղթանակը տանել մինչև վերջ։ Ես գոհ եմ այս պայքարից, այն բնական էր և պետք է լիներ։


Շատերը հարց են բարձրացնում՝ իսկ ե՞րբ պետք է հասնեն ամենավերեւներին, հասնելո՞ւ են, թե՞ մնալու են միջին օղակներում։ Ձեր կարծիքով՝ կգնա՞ն մինչև վերջ։

Սա լուրջ պայքար է, և պայքարի գլխավոր շտաբն ունի իր մեթոդներն ու առաջնահերթությունները։ Ցավոք, ես որպես թոշակառու, այնքան եմ հեռացել այդ գլխավոր շտաբի անդամ լինելուց, որ պատկերացում չունեմ, թե այնտեղ ինչ առաջնահերթություններ կան։ Բայց ես կարծում եմ, որ նրանք իրենց ռեսուրսներն են հաշվի առնում, արտաքին միջավայրը, արտաքին ճնշումները Հայաստանի վրա։ Հայաստանն ունի շատ հակառակորդներ, քրեաօլիգարխիկ կոչված, ես կասեի՝ եվրասիական հակապետական ու հակաանկախական ուժերը ունեն շատ դաշնակիցներ Հայաստանից դուրս։ Նրանք ուժեղ են և պայքարում ու դիմադրում են, նրանք չեն ուզում տեսնել ազատ, անկախ ու ժողովրդավարական Հայաստան։ Շտաբը, ըստ երևույթին, տեսնում է և իր քայլերը ըստ այդմ է իրականացնում։ Եթե ես լինեի, մի փոքր այլ կերպ կանեի, նրանցից կսկսեի։ Հարկավոր է սկսել հենց վերևից, պարալիզացնել նրանց։ Երբ ներքևից են սկսում, դա էլ հետաքրքիր է, դա էլ իր էֆեկտն ունի՝ փուլ առ փուլ երկարաձգել, հարմարեցնել քո հետագա ծրագրերին, իսկ հետագա ծրագրերն են Ազգային ժողովի ազատագրումը սկյութներից։ Պետք է այնպես լինի, որ հասարակությունը պատրաստ լինի նաև հաջորդ գործողություններին։ Այսինքն ես կարծում եմ, որ սա ինչ-որ իմաստով շոու է, ներկայացում է, որի ռեժիսորը դա հարմարեցնում է իր հետագա ծրագրերին։ Ինձ համար կարևորը հենց այս պահին Հայաստանն այդ թափթփուկներից ազատելն է։ Իսկ ռեժիսորի ծրագիրը մի փոքր ուրիշ է՝ ազատել Հայաստանը ըստ իր պլանավորած զարգացումների։ Այնպես որ, կարծում եմ, որ պետք է համբերել ու դիմանալ, մինչև կհասնեն վերևում գտնվող մեղավորներին։

Առաջիկայում արտահերթ ընտրություններ են տեղի ունենալու։ Արդյոք հնարավո՞ր է նոր ուժի ձևավորում՝ հաշվի առնելով, որ, ըստ էության, այդպես էլ արևմտամետ ուժ դաշտում այս պահին չի երևում։ Դուք այդպիսի նոր ուժի ձևավորման անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք։

Իմ խորին համոզմամբ, «Իմ քայլը» համաժողովրդական շարժումն, ըստ էության, արևմտական է երկու պատճառով. նրա գաղափարախոսությունը, որ կա փողոցում՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքների հարգում, բոլոր տեսակի հանցագործություններից՝ տնտեսական, քաղաքական, մաքրում, նշանակում է արևմտական լինել։ Եթե այդ գաղափարախոսության տակ պետք է ստորագրություն լինի, պետք է գրվի Արևմուտք, որովհետև Հայաստանն ինքը արևմտական արժեքներ կրող պետություն է եղել դեռևս հելլենիստական Հայաստանից ի վեր։ Հայաստանը և հայ ժողովուրդն ունեցել են և հիմա էլ ունեն ազատական մշակույթ։ Մենք Արևմուտք ասելով հասկանում ենք ժողովրդավարություն, ազատություն, մարդու իրավունքներ և իհարկե քրիստոնեություն։ Այ արդեն արևմտականների մեջ կարող է լինել տարանջատում՝ ավելի արևմտական, արևմտականության այս երանգը, այն երանգը։

Ես կարծում եմ, որ շատ լավ կլինի, որ առաջիկայում ընդհանրապես չքննարկենք եվրասիականությունը, ՀՀԿ-ին իր ճորտական ու հակադեմոկրատական դաշնակիցներով։ Նրանք ընդհանրապես պետք է պատմության գիրկն անցնեն։ Մենք բոլորս պետք է լինենք արևմտական, բայց այդտեղ կարող են լինեն սոցիալական ուղղվածության, լիբերալ ուղղվածության արևմտականներ, նրանք կարող են իրարից տարբերվել այս կամ այն ոլորտում իրենց քաղաքականությամբ։ Այսինքն ամբողջ քաղաքական դաշտը պետք է փոխվի դեպի Արևմուտք։ Մենք հենց Արևելքից ու բռնապետություններից ենք ազատագրվում։ Բոլոր արևմտյան երկրներում էլ կա քաղաքական մրցակցություն, բայց այդ մրցակցությունը արևմտականների միջև է։ Այդպես պետք է լինի նաև Հայաստանում։

Ինչպիսի՞ն կլինի քաղաքական պատկերը արտահերթ ընտրություններից առաջ։ Ո՞ր քաղաքական ուժերը ավելի մեծ շանս ունեն հաջողություն գրանցելու այդ ընտրություններում։

Դուրս կմնան բոլոր այն ուժերը, որոնց հենարանը եղել են ԵՏՄ երկրները։ Այսինքն՝ Լուկաշենկոյի կուսակցությունը Հայաստանում, Նազարբաևի կուսակցությունը Հայաստանում, Պուտինի կուսակցությունը Հայաստանում կպարտվեն ու դուրս կմղվեն։ Կմնան նրանք, որոնք այդ ուժերի կողմից չեն ղեկավարվում։ Հիմա անունները դժվար է ասել, բայց այդպես է, քաղաքական հարթակը դրա համար է պատրաստված, իսկ թե ինչ անուններ դրանք կունենան, ես դժվարանում եմ հիմա ասել, որովհետև սցենարիստն ու ռեժիսորը գլխավոր ծրագրի մասին մեզ տեղյակ չեն պահում։ Հաճելի անակնկալներ են ուզում մատուցել, որը ես կողջունեմ։

Facebook Comments
(Visited 13 times, 1 visits today)

Փակել