admino 18.09.2019
loading...


 

 

Այս հրաշալի բույսն աճում է հարավում, ինչպես նաեւ մեզ մոտ` Հայաստանում: Ղարաբաղում թթենուն մեծ հարգանքով են վերաբերվում` այն անվանելով ծառերի ու պտուղների արքա: Պտուղներն օգտագործվում են որպես սնունդ, իսկ տերեւները հումք են հանդիսանում մետաքսի համար:


Դեռեւս հնագույն ժամանակներից այն դեղաբույս է համարվել: Չինական, ճապոնական, հնդկական բժշկության մեջ օգտագործվում են թթենու տերեւները, ծառի արմատները, կեղեւն ու պտուղները՝ շաքարային դիաբետի, ջրգողության, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների ժամանակ:

Թթենու պտուղներն օժտված են արյունը մաքրող հատկությամբ, կարգավորում են նյութափոխանակությունը: Այն հատկապես շատ լավ է ճարպակալման դեպքում: Մրսածության ժամանակ թթենու տերեւները հաճախ գործածվում են որպես ջերմիջեցնող միջոց, իսկ արմատն ու կեղեւը օգտագործվում են հիպերտոնիկ հիվանդության ժամանակ: Այլ դեղաբույսերի հետ համակցված` այն շատ օգտակար է հազի, բրոնխիտի եւ շնչուղիների այլ հիվանդությունների համար:

Թութն իր մեջ շատ օգտակար էլեմենտներ` հանքային նյութեր ու վիտամիններ է պարունակում: Բացի թվարկված օգտակար հատկանիշներից` թթենու պտուղներն ամենամաքուրն են ու ոչ մի աղտ իրենց վրա չեն հավաքում: Թութը շատ լավ է տեսողության համար: Թութը ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է՝ որպես ստամոքսի ու 12-մատնյա աղիի, ստոմատիտի բուժման միջոց:

Թթենու համեղ պտուղները սննդի մեջ օգտագործում են ինչպես թարմ, այնպես էլ չոր վիճակում: Թթի չիրը կարող է փոխարինել շաքարին: Չոր վիճակով աղացած թութը կարելի է խառնել ալյուրի հետ ու օգտագործել որպես համեմունք: Բացի գլյուկոզայից ու ֆրուկտոզայից, թութն իր մեջ նաեւ կիտրոնաթթու եւ խնձորաթթու է պարունակում: Ժողովրդական բժշկության մեջ թարմ, ոչ այնքան հասուն պտուղները, օշարակը կամ ջրաթուրմն օգտագործում են փորլուծության դեմ:

Իսկ թթի դոշաբի մասին բոլորը գիտեն, թե այն որքան օգտակար է շնչուղիների հիվանդությունների համար: Ժողովրդական բժշկության մեջ այն նաեւ կիրառվում է՝ որպես վերքեր ապաքինող միջոց: Չինական բժշկության մեջ թթենու կեղեւից շաքարային դիաբետի բուժամիջոց են պատրաստում: Իսկ կեղեւի փոշին խառնելով բուսական յուղի հետ` քսուքներ են պատրաստում` վերքերը եւ կտրվածքները բուժելու համար:

Մի քանի տարի առաջ Վիետնամում Վ.Պ. Ֆիլատովի մեթոդով թթենու տերեւներից կենսածին խթանիչ` ֆոմիդոլ է ստեղծվել, որն ընդունում են ռեւմատիզմի, մաշկային տուբերկուլյոզի, էկզեմայի եւ էլի մի քանի հիվանդությունների բուժման համար: Ճապոնիայում թթի ծառի ծաղիկներից կոսմետոլոգիական միջոց են պատրաստում, որի օգնությամբ պայքարում են պեպենների, մաշկի այլ բծերի դեմ:

Թթի ջրաթուրմը պատրաստում են հետեւյալ կերպ. 1 ճաշի գդալ չորացրած եւ աղացած պտուղները լցնել 1 բաժակ եռջրի մեջ ու 4 ժամ թրմել, որից հետո քամել թանզիֆի մի քանի անգամ ծալած կտորով ու ընդունել օրը 3-4 անգամ`բաժակի 1/3 մասով:

Ծերունական փորկապությունների ու թութքի դեմ՝ թթի սեզոնին, առավոտյան նախաճաշից առաջ կարելի է ամեն օր թութ ուտել: Թթից խյուսանման զանգված է պատրաստվում, որը շատ լավ օգնում է գլխի թեփին եւ նպաստում մազերի արագ աճին: Այն պարզապես պետք է քսել մազարմատներին, կապել շորով ու թողնել մոտ 3 ժամ:

Թութն առանձնապես հակացուցումներ չունի, բացառությամբ, եթե դրա պտուղներն ուտելուց անմիջապես հետո սառը ջուր են խմում: Այս դեպքում կարող է խանգարվել աղեստամոքսային տրակտի աշխատանքը:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Facebook Comments
(Visited 1 times, 1 visits today)

Փակել