admino 19.08.2019
loading...


Նյարդային համակարգը մարդու օրգանիզմի կարեւորագույն ու գլխավոր մաս է կազմում։ Մարդու առողջությունն ու կյանքը հիմնականում կախված է նյարդային համակարգից։ Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մարդու հուսահատ ու վհատ վիճակը կյանքը կրճատում են։

Իսկապես, երբ այսօր (հատկապես՝ քաղաքում) մարդիկ ուղղակի շրջապատված են դեպրեսիաներով, սթրեսներով ու անկանխատեսելի իրադարձություններով, պարզապես հնարավոր չէ 100 տոկոսով պահպանել նյարդային համակարգը։ Այս դեպքերում, առաջին հերթին, պետք է հնարավորինս շրջանցել կյանքում մեզ նյարդայնացնող երեւույթները։ Կարելի է պարզապես ուշադրություն չդարձնել որոշ իրադարձությունների վրա, լինել ավելի հավասարակշռված ու դատել առանց ավելորդ զգացմունքայնության։

21-րդ դարի նյարդային հիվանդություններից ամենատարածվածը նեւրոզն է։


Նեւրոզի զարգացումը կախված է դրա առաջացմանը նպաստող գործոնների ուժգնությունից, ինչը միանշանակ անհատական բնույթ է կրում։ Իսկ ավելի պարզ` կախված է անհատի ընկալման շեմքից։

Նեւրոզի զարգացմանը նպաստում են հոգեբանական գործոնները` անձի հոգեբանական տիպը, սթրեսները, չդրսեւորված հույզերը (ջղայնություն, ատելություն, սեր), միջանձնային հարաբերությունները եւ սոցիալական գործոնները։ Հոգեբանական տարբեր տիպի մարդիկ կան։ Օրինակ, մարդկային (հատկապես կանանց են բնորոշ այդ հատկությունները) մի տեսակ կա, որոնք բնավորության այնպիսի գծեր ունեն, ինչպիսիք են` մշտապես ուշադրության կենտրոնում գտնվելու անհագ ցանկությունը` լինի դա աշխատանքի վայրում, տանը թե ընկերների հետ. դրանք հիստերիկ տիպի մարդիկ են։

Իրենց ցանկությունը չբավարարելու դեպքում նրանք անհարմարավետության զգացում են ունենում, որը հետագայում նեւրոզի է հանգեցնում։ Իհարկե, այս անհագ ուշադրության ցանկությունը զուտ ենթագիտակցական մակարդակի վրա է, այսինքն` չգիտակցված է, եւ որեւէ կին չի կարող ասել, թե իր մոտ ինչն է նպաստել նեւրոզի զարգացմանը։

Մեր օրերի հիվանդություն դարձած` վիրտուալ աշխարհից մանիակալ կախյալությունը նույնպես անհատի նեւրոտիզացիա է առաջացնում։ Այն լայն տարածում է գտել երիտասարդների շրջանում։ Ռեալ կյանքում շփումը գրեթե երկրորդական է, նրանք ծանոթություններ են փնտրում եւ գերադասում են շփման վիրտուալ տարբերակը (համակարգիչների եւ տեխնիկական այլ հնարավորությունների միջոցով)։

Շփման այս տարբերակը գերադասում են այն մարդիկ, որոնք իրականում շփման խնդիրներ ունեն` ամաչկոտ են եւ չափից ավելի անվստահ։ Եվ երբ վիրտուալ կյանքում շփումը հասունանում է այն աստիճանի, որ պետք է վերածվի իրականի, անհատի մոտ տագնապ է առաջանում, ինչն էլ նեւրոզի զարգացման պատճառ է հանդիսանում։

Նեւրոզի են հակված նաեւ այն անհատները, որոնք բնավորությամբ խիստ անվստահ, կասկածամիտ են եւ ունեն ցածր ինքնագնահատական։ Օրինակ, տանից դուրս գալիս մշտապես մտածում են` «տեսնես դուռը փակեցի՞» կամ «արդուկը անջատեցի՞», «ջուրը փակեցի՞», եւ այլն։ Եվ, չնայած այն բանին, որ տանը ամեն ինչ կարգին է, միեւնույն է, նրանք մինչեւ ետ չվերադառնան ու չստուգեն` չեն հանգստանա։ Ժամանակի ընթացքում նման մտորումները նեւրոզի զարգացման աղբյուր են դառնում։

Նեւրոզին հակված են այն անձինք, ովքեր իրենց հնարավորություններից վեր պահանջներ են դնում իրենց առջեւ։ Օրինակ, երբ ուսանողը քննությունից առաջ ժամանակի սղության պատճառով որոշում է, ու ավելին` վստահ է, որ մեկ օրում կսովորի հարցաշարի կեսը։ Պարզ է, որ սա գործնականորեն անհնար է իրականացնել։ Օրվա երկրորդ կեսին, տեսնելով, որ նույնիսկ 1/3-ը չի հասցրել սովորել, սկսում է նյարդայնանալ` չկարողանալով շարունակել մնացածը։ Մինչդեռ պետք է ամեն ինչ պլանավորել հնարավորությունների սահմանում։ Որոշ դեպքերում անձի մեջ նեւրոտիզացիայի հակվածությունը սերմանվում է ծնողի կողմից, երբ հաշվի չառնելով իրենց երեխայի ընդունակությունները, չափից ավելին են պահանջում նրանից։ Ցանկությունների ու հնարավորությունների անհամապատասխանությունը ներքին կոնֆլիկտ է առաջացնում եւ նեւրոզների պատճառ հանդիսանում։ Նեւրոտիկները հաճախ ասում են. «Մայրս ու հայրս նյարդային են եղել, այդ է պատճառը, որ ես նյարդային եմ. դա ժառանգական բնույթ է կրում»։ Դա սխալ մեկնաբանություն է. նեւրոզը ժառանգաբար չի փոխանցվում, պարզապես ծնողների դաստիարակությունը նպաստում է հետագայում նեւրոզի հիմնավորմանը։

Նեւրոզի զարգացմանը նպաստում է նաեւ գերհոգնածությունը, անքնությունը, թերսնվածությունը, տեւական հանգստի պակասը։ Նեւրոզը դրսեւորվում է տրամադրության անկմամբ, աշխատունակության անկմամբ, տագնապի զգացումով, տարբեր բնույթի ֆոբիաներով, օրինակ` վախ հոգեկան հիվանդությունից կամ այլ բնույթի ծանր հիվանդությունից, մահից։ Նեւրոտիկները սովորաբար գերֆիքսված են իրենց առողջության վրա, հաճախակի գնում են տարբեր մասնագետների մոտ, չափից շատ են հետազոտում իրենց օրգան-համակարգերը։

Նեւրոզը դրսեւորվում է նաեւ սոմատիկ տարբեր զգացումներով` սրտի ծակոցներ, սրտխփոց, կոկորդի շրջանում սեղմոցի զգացում, շնչարգելության երեւույթներ, դող։ Նշված երեւույթները չկարգավորելու դեպքում հաճախ առաջանում է նաեւ կանանց մոտ՝ դաշտանի խանգարում, տղամարդկանց մոտ՝ սեռական թուլություն եւ այլն։ Նեւրոզի բուժման ժամանակ կարեւորվում է անհատի համբերատարությունը եւ տրամադրվածությունը։

Բուժման տեւողությունը կախված է ծանրության աստիճանից եւ անձի հոգեբանական տիպից։ Բուժման ժամանակ կիրառվում են դեղորայքային թերապիա, հոգեթերապիա` ամուսնական, ընտանեկան եւ անհատական, եւ ֆիզիոթերապիա։

Ի դեպ, մեր օրերում արդիական է խոսել նաեւ այն հանգամանքի մասին, որ քաղաքական գերլարված վիճակը եւս հանգեցնում է մարդկանց նեւրոտիզացիայի, հատկապես՝ նրանց, ովքեր էմոցիոնալ երանգ են տալիս վերջինիս։ Պետք է սթափ լինել, որովհետեւ նյարդային խանգարումները շատ լուրջ հետեւանք կարող են ունենալ, ի վերջո, նյարդային բջիջների քայքայումը դարձելի չէ։

Նյարդային վիճակը հանգստացնելու մի քանի միջոցներ

Ասում են՝ բոլոր հիվանդությունների պատճառը նյարդերն են։ Իմաստուն էին մեր նախնիները, նրանք ձեռքին ունեին «թզբեհ» խաղալիքը։ Ժամանակակից գիտական լեզվով դա կոչվում է` հոգեթերապիա։ Մատների մեջ ինչ-որ բան խաղացնելով՝ մարդը չի կենտրոնանում բացասական էմոցիաների վրա։ Դա օգնում է նաեւ հոդերին։
Համաձայն գիտնականների հետազոտությունների` բարձրաձայն ռիթմիկ երաժշտությունը վտանգավոր է առողջությանը։ Դա հատկապես վերաբերում է այնպիսի ոճերին, ինչպիսիք են` հեվի մետալն ու հարդ ռոքը։
Հոգեկան խռոցքի, անքնության դեպքում առանձնացեք եւ մոմ վառեք (ցանկալի է եկեղեցական մոմ)։ Մոմի թրթռացող բոցը հանգստացնելու հատկություն ունի, իսկ նրա հալվելուն զուգընթաց` աստիճանաբար կխաղաղվեք։
Նյարդային խանգարումների ժամանակ երեք բաժակ բռինչին խառնել երկու լիտր եռացրած ջուր, թրմել, ապա քամել հատապտուղները, եւս տրորել փայտի գդալով, ապա նորից քամել։ Ստացված թուրմին ավելացնել կես լիտր մեղր։ Այս բաղադրությունն օգտագործել օրը 3 անգամ, ուտելուց հետո։
Հանգստացնող միջոց է համարվում նաեւ Աուրվեդայի (հին հնդկական բժշկության արվեստ) մեթոդով արված մարմնի մերսումը։ Այդ նպատակով 3-4 ճաշի գդալ քունջութի յուղը տաքացնել ջրային բաղնիքում 10 րոպե, նրբորեն մերսել ողջ մարմինը, առանձնապես ջանք չգործադրելով։ Մերսումից հետո տաք ցնցուղ ընդունել։
Գրգռված նյարդերը հանգստացնելու համար լավ օգնում է ալոճի, մորու, խնկենու տերեւների, առյուծագի, մասուրի, նարնջի կեղեւի, վաղենակի ծաղիկների խառնուրդով պատրաստված թեյը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Facebook Comments
(Visited 1 times, 1 visits today)

Փակել