admino 17.04.2019
loading...


Ակնեներն ու պզուկները մաշկի փոփոխությունն են` կապված ճարպագեղձերի աշխատանքի խանգարման ու բորբոքման հետ: Այն համարվում է կորյակային հիվանդություն, իսկ կենցաղում կորյակային ցանն անվանում են պզուկներ:

Պզուկներ հանդիպում են դեռահասային տարիքից սկսած։ Բավականին տարածված հիվանդություն է թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջանում: Որպես կանոն, կորյակներ առաջանում են հիմնականում մարմնի այն մասերին, որտեղ տեղակայված են շատ ճարպագեղձեր` դեմք, կուրծք, մեջք: Կորյակների առաջանալը կապված է հորմոնների հետ, քանի որ դրանք ազդում են ճարպագեղձերի աշխատանքի վրա:

Իսկ բորբոքված մասերը, որոնք պատճառ են դառնում պզուկների, առաջանում են բակտերիաներից, որոնք ապրում են մաշկի վրա: Եվ հենց մաշկի փոփոխությամբ են բացատրվում կորյակային հիվանդության էտապներն ու զարգացման տեսակները: Ճարպագեղձերի ծորանների խցանումն ու բորբոքումն էլ բերում են մաշկի վնասմանը:

Ըստ մաշկի վնասվածության աստիճանի էլ` տարբերակում են հիվանդության ծանրության աստիճանը: Կորյակների առավել ծանր տեսակները պատճառ են դառնում սպիների առաջացմանը: Շատ-շատերի մոտ զարգանում է այս հիվանդության բավականին ծանր տեսակը: Պզուկներից ազատվելու համար անհրաժեշտ է ճիշտ հասկանալ խնդրի էությունը եւ ճիշտ որոշում կայացնել բուժման համար:

Առանձնանում են հիվանդության առաջնային եւ երկրորդային էլեմենտներ: Առաջնային էլեմենտները լինում են 2 տեսակ` բորբոքային եւ ոչ բորբոքային: Այս բաժանումը շատ պայմանական է, իսկ «բորբոքային» բնորոշումը կախված է առաջին հերթին արտաքին տեսքից` մաշկի կարմրությունից ու այտուցվածությունից: Ոչ բորբոքային էլեմենտներով ակնեները կորյակներն են, իսկ բորբոքայինը` պզուկներն են:

Կորյակներն էլ իրենց հերթին լինում են բաց եւ փակ: Շատ հաճախ կորյակային հիվանդության ծանր ձեւը պատճառ է հանդիսանում բավականին խորը սպիների: Հիվանդության ծանր տեսակը հանդիպում է մարդկանց 10 տոկոսի մոտ:

Որքան էլ զարմանալի է, այս հիվանդության առաջացմանն ու զարգացմանը նպաստում է սնվելու ձեւը: Մարդու մարսողական համակարգը շատ հետաքրքիր դրսեւորումներ կարող է ունենալ:


Մեր օրգանիզմը կարող է ընդունել չիպսերի ու գազավորված ըմպելիքների ոչ նորմալ քանակություն, իհարկե այս ամենն ունի իր սահմանը, եւ մեր օրգանիզմը չդիմանալով նման անակնկալների, միանգամից սկսում է ըմբոստանալ, ինչն էլ արտահայտվում է հենց մարդու դեմքի վրա: Այն սկսում է արտահայտվել կորյակների, պզուկների եւ այլ ցանի տեսքով: Բայց նման հավանականության դեպքում պետք է աշխատել բացառել բոլոր պատճառները:

Եվ այսպես, մեր մաշկի համար սարսափելի է երկու բան` որոշակի մթերքների պակասը եւ, հակառակը` ինչ-որ մթերքների ավելցուկը: Օրգանիզմին շատ անհրաժեշտ է սննդամթերքի բազմազանությունը:

Մեր ռացիոնը պետք է պարտադիր բաղկացած լինի կենդանական (միս, ձուկ, կաթնամթերք) եւ բուսական (միրգ, բանջարեղեն, սունկ) ծագման սննդամթերքից: Երբեմն այս մթերքների ավելցուկն ու շատ էկզոտիկ սննդատեսակներն էլ միասին բերում են նրան, որ մարսողական համակարգը չի կարողանում յուրացնել ամբողջը, եւ այստեղից սկսում են խնդիրներ առաջանալ:

Իհարկե, սննդամթերքի չափը յուրաքանչյուրն ինքն է որոշում, որովհետեւ, օրինակ, 1 կգ ելակը մեկի մոտ կարող է առաջացնել 100 պզուկ, մյուսի մոտ` ընդամենը հաճույք առաջացնել:

Այնպես որ` յուրաքանչյուրն ինքը պետք է որոշի իր թույլատրելի չափաբաժինը: Իհարկե, երբեմն այն կարող է պատահական ստացվել:

Մի քանի սննդատեսակ պարզապես նպաստում է կորյակների առաջացմանը: Միլիոնավոր հոդվածներ կան սուրճի վնասի ու օգտակարության մասին: Բայց պետք է ասել, որ սուրճը պատկանում է կորյակներ առաջացնող մթերքների թվին: Սուրճը նպաստում է կորտիզոլա հորմոնի տեսակի առաջացմանը, որը պատասխանատու է սթրեսների դեպքում:

Հենց դա էլ շատ հաճախ միջին տարիքում առաջացած շատ ակնեների պատճառ է հանդիսանում: Հատկապես վտանգավոր է առավոտյան անոթի խմած սուրճի քաղցր չափաբաժինը, որից հետո կարող է առաջանալ ոչ թե փոքրիկ կարմիր բիծ, այլ մեծ բորբոքված պզուկ: Իսկ թե ո՞րն է ձեր ամենաշատ չափաբաժինը, դա ոչ ոք չի կարող ասել: Դա կարող է լինել 3 գավաթը կամ 1 լիտրը:

Շաքարը, շոկոլադը, կոնֆետը, տորթը, չորաբլիթը, չիպսը եւ պաղպաղակը նպաստում են պզուկների առաջացմանը: Նաեւ պետք է ասել, որ թվարկվածների թվին են պատկանում շաքար պարունակող հյութերը: Բնականաբար, այս բոլոր մթերքներից հրաժարվել հնարավոր չէ եւ կարիք էլ չկա: Ավելի լավ է փորձել փոխարինել ոչ օգտակարը օգտակարով: Օրինակ, տարբեր տեսակի գազավորված ու քաղցր ըմպելիքները կարելի է փոխարինել պարզապես ջրով կամ ուղղակի բուսական թեյով, իսկ շաքարին շատ հարմար փոխարինող են մեղրն ու տարբեր մրգերի չրերը:

Կաթնամթերքների մեջ պետք չէ շատ ստիպել օգտվել անյուղ կեֆիրից կամ կաթնաշոռից, բայց ահա պաղպաղակի ու պանրի քանակությունը պետք է շատ կրճատել: Կաթնամթերքն իր մեջ պարունակող պրոգեստերոնի ու այլ նյութերի շնորհիվ ակտիվացնում է ճարպագեղձերի աշխատանքը: Եթե առանց մեծ քանակության կաթնամթերքի դժվարանում եք, կարելի է անցնել կենդանի յոգուրտների, որոնց շնորհիվ նյութափոխանակությունը բավականին լավանում է:

Երեւի չկա մի այնպիսի օրգան, որը չտուժի տապակած ու ճարպոտ սննդամթերքից: Կարելի է կենդանական ճարպը փոխարինել բուսական ծագման ձեթերով: Մաշկի համար հատկապես շատ կարեւոր են վիտամին A-ն եւ E-ն: Վիտամին E իրենց մեջ շատ պարունակում են ընկույզն ու նուշը, իսկ A վիտամին շատ է պարունակում հատկապես գազարը: Իհարկե, պետք է ասել, որ հենց նույն սննդամթերքի տեսակների չարաշահումը կարող է հանգեցնել պզուկների առաջացմանը:

Ակնեների բարդացումը վիճակի հավելյալ վատացումն է, այսինքն` նախկին կորյակային ցանի վրա նորի առաջացումը: Իսկ դրա պատճառ կարող է հանդիսանալ նախկին կորյակների սխալ բուժումը:

Իսկ թե ինչպես ազատվել նման տհաճ երեւույթից, կախված է վիճակի բարդությունից եւ նրանից, թե որքանով է այն անհանգստացնում տվյալ անձնավորությանը: Կորյակային հիվանդության նպատակը ոչ թե եղած պզուկները վերացնելն է, այլ հետեւելը, որպեսզի ցանի նոր էլեմենտներ չառաջանան: Եվ ինչքան արագ փորձենք կանխել այն, այնքան շուտ կազատվենք նաեւ դրանց հետեւանքներից, քանի որ սպիներն ու հետքերն արդեն քսուքներով չեն բուժվում:

Ինքնուրույն կարելի է բուժել կորյակային հիվանդության թեթեւ տեսակը, որն ամենահաճախն է հանդիպում: Կորյակների ինքնաբուժությունն արդյունավետ կլինի, եթե հաշվի առնենք մի քանի կարեւոր խնդիրներ` մաշկի ճիշտ խնամքը եւ տեղային օգտագործման պրեպարատների կիրառումը: Այս դեպքում արդյունքը զգալի է լինում, հնարավոր է՝ ոչ շատ արագ, բայց 2-3 շաբաթ հետո անպայման տարբերություն կլինի: Բայց հիվանդության արդեն բարդ շրջանում անպայման անհրաժեշտ է մասնագետի օգնությունը:

Երբեմն կորյակների թեթեւ տեսակների ժամանակ ժողովրդական միջոցներն ավելի արդյունավետ են, քան նորագույն բժշկական պրեպարատները, բայց կան մի քանի նրբություններ: Չի կարելի ասել, որ այս կամ այն ժողովրդական միջոցը «հավանաբար» կարող է օգնել տվյալ մաշկին, քանի դեռ պարզ չեն այդ միջոցի կողմնակի ազդեցությունները:

Մարդկանց, ովքեր տառապում են ալերգիաներով, ընդհանրապես խորհուրդ չի տրվում դիմել տարբեր միջոցների, որովհետեւ հետեւանքները կարող են լինել անկանխատեսելի: Իսկ որեւէ այլ գանգատ չունենալու դեպքում կարելի է պատրաստել առաջարկվող միջոցները: Օրինակ, դաղձի թեյը կորյակների թշնամին է, կարելի է խմել այլ հեղուկների փոխարեն:

Առաջարկվող մի քանի բաղադրատոմսերն օգնում են ընդհանրապես մաշկին եւ նաեւ կորյակներից հնարավորինս ազատվելու միջոցներ են.

Հավաքել համեմատաբար մատղաշ եղինջ, օրինակ, մայիսին, ապա այն անցկացնել քամիչով ու ստացված զանգվածն անցկացնել թանզիֆի կտորով: Խտացված հյութը խմեք օրը 3 անգամ: Այն երկար պահպանելու համար կարելի է ավելացնել մի քիչ մեղր եւ դնել սառնարանում, իսկ որպեսզի ավելի հաճելի լինի խմելը, կարելի է մի քիչ կիտրոն խառնել: Եղինջի օգտակարության աստիճանը, կարելի է ասել, անհավանական շատ է:

Այն օրգանիզմից դուրս է հանում բոլոր խարամներն ու թույները, որ կուտակված են աղիների տարբեր մասերում, բարձրացնում է արյան տոկոսը, լավացնում է ենթաստամոքսային գեղձի աշխատանքը եւ իր մեջ պարունակում է B, E խմբի A, C, K վիտամիններ:

Շատ լավ օգնում է թարմ քամած գազարի, բազուկի կամ երկու հյութերի խառնուրդը: Իհարկե, այս դեպքում կարիք չկա օրվա մեջ կես բաժակից ավելի խմել: Երիցուկի թուրմով լվացվելը եւս շատ օգտակար է կորյակների դեպքում:

Մոտավորապես 6 ճաշի գդալ երիցուկի մանրացրած ծաղիկները լցնել 0,5 լիտր եռջրի մեջ, եռացնել եւս 2-3 րոպե, հետո փակել կափարիչով ու թրմել 2 ժամ: Ստացված թուրմը սառնարանում կարելի է պահել 2 օր: Առավոտյան կարելի է լվացվել գոլ ջրով, իսկ հետո՝ երիցուկի սառը թուրմով:

Մաշկը շաբաթվա մեջ 1 անգամ կարելի է մաքրել աղաջրով թրջած բամբակով: Ավելի լավ է օգտագործել ծովի աղ, չնայած կերակրի աղը եւս կլինի:

Սովորական կորյակներին օգնում է կռատուկի արմատներից, հունական ընկույզի տերեւներից ու սրոհունդից պատրաստված թուրմը, որն անվանում են բուլղարական բուժական թուրմ: Յուրաքանչյուրից հավասար քանակությամբ խառնել ու այդ խառնուրդից 1 ճաշի գդալ լցնել 1 բաժակ ջրի մեջ ու եփել: Ստացված թուրմից կարելի է օրվա մեջ 2 բաժակ խմել:

Իսկ առհասարակ լավ մաշկ ունենալու առաջին պայմանը սթրեսներից խուսափելն է: Պետք չէ շատ նյարդայնանալ, որովհետեւ դա բացասական ազդեցություն է ունենում մաշկի վրա:

Հատկապես շոգ եղանակին դեմքն ու ճակատն անընդհատ աշխատեք սրբել, որպեսզի դուրս եկած ավելորդ ճարպը հեռացվի, իսկ դրա հետ էլ, համապատասխանաբար, օրվա ընթացքում կուտակված բակտերիաները: Պետք է բաց չթողնել ուրախանալու առիթը:

Հումորն ու ծիծաղը դրականորեն են ազդում մարդու օրգանիզմի վրա, իսկ ալկոհոլ ավելի լավ է չօգտագործել:

Յուղոտ մաշկին օգնում է կիտրոնով ու սովորական օղիով պատրաստված քսուքը: 250 գ կիտրոնը հենց կեղեւով քերել ու լցնել օղու մեջ: Ստացված խառնուրդը պահել սառնարանում 1 շաբաթ, հետո քամել ու մաքրել դեմքն առավոտյան ու երեկոյան: Պետք է անընդհատ հետեւել, որպեսզի այս ամենի հետ վիտամինների պակաս չզգացվի:

Ընդհանուր առմամբ մաշկի վիճակի վրա ազդում են 4 վիտամին` A-ն, E-ն, C-ն, B-ն: Խորհուրդ չի տրվում դեմքը լվանալ սովորական օճառով: Օճառն, ընդհակառակը, կործանում է մաշկի պաշտպանական շերտը: Իսկ եթե օճառով լվացվելը պարտադիր է, ուրեմն պետք է օգտագործել հատուկ օճառներ:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Facebook Comments
(Visited 244 times, 1 visits today)

Փակել